ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Եթե կառավարության կազմում ունենայինք ինքնուրույն՝ «ոչ Նիկոլ Փաշինյան» նախարարներ

Եթե կառավարության կազմում ունենայինք ինքնուրույն՝ «ոչ Նիկոլ Փաշինյան» նախարարներ
01.10.2025 | 14:41

Օրեր առաջ պատահաբար լսեցի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն արդարացնում իր՝ «կառավարությունը ես եմ» արտահայտությունը: Ասում էր, որ բոլորը խուսափում են պատասխանատվությունից, ինքը չի խուսափում` պատրաստ է երկրում կատարվող ամեն ինչի պատասխանատվությունը վերցնել իր վրա, չի թաքնվում, չի փնտրում ուրիշ պատասխանատուներ․․․

Տարօրինակ հայտարարություն էր, եթե հաշվի առնենք, որ 2020-ին կրած պարտությունը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքի կրճատումը, իրենց բոլոր ձախողումներն ում վրա ասես բարդել է այս տարիներին` սկսած 90-ականներին պաշտոնավարած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Արցախի` ընդամենը 4 օր պաշտոնավարած նախագահով: Տարօրինակ էր նաեւ այն առումով, որ իր պատասխանատվությունը գիտակցող մարդը կհաշվեր, թե ինչ երկիր է ստացել 2018-ին, ինչ ունենք հիմա՝ 2025-ին, ու կամովին կհեռանար պաշտոնից՝ իր պարտականությունները ձախողած անձի մեղքի գիտակցումով:

Բայց, բացի տարօրինակ լինելը, այդ հայտարարությունը նաեւ հակասահմանադրական է, անօրինական ու նաեւ դա է մեր ողբերգությունների բուն պատճառը: Որովհետեւ եթե ինքը չլիներ ողջ «կառավարությունը», եւ կառավարության կազմում ունենայինք, օրինակ, ինքնուրույն՝ «ոչ Նիկոլ Փաշինյան» ԱԳ նախարար, գուցե այդ նախարարը կարողանար իր ոլորտում որեւէ դեր խաղալ եւ Նիկոլ Փաշինյան-վարչապետի սխալները կանխել:

Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» էկոնոմիկայի նախարար, գուցե նա գիտակցեր, թե մեր տնտեսության համար ինչքան աղետալի կարող է լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը եւ փորձեր սահմանափակել իր շեֆի հակառուսական կրքերը:

Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» պաշտպանության նախարար, գուցե նա գիտակցեր եւ թույլ չտար, որ բանակի ֆինանսավորումը կրճատվի, զինծառայության ժամկետը դառնա 1,5 տարի:

Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» արդարադատության նախարար, գուցե նա փորձեր բացատրել, որ չի կարելի Սահմանադրություն փոխել՝ ագրեսորի պահանջով, չի կարելի միջամտել արդարադատության կայացմանը, չի կարելի անմեղության կանխավարկած խախտել․․․

Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» կրթության նախարար, նա կփորձեր կանխել հակահայկական ու ապազգային կրթական դոկտրինի կիրառումը, ազգային սիմվոլների ու մեր պատմության դեմ արշավը:

Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» ֆինանսների նախարար, կբացատրեր, որ չի կարելի պետական պարտքը կրկնապատկել, հարկային բեռը քաղաքացիների վրա մեծացնել, որ իշխանավորների վայելքները չնվազեն, չի կարելի նախարարին 2 միլիոն աշխատավարձ տալ, իսկ թոշակառուին՝ 40 հազար դրամ․․․

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հ․Գ․

Բանջարաբոստանային մականունով մի իշխանավոր շատ ծանր է տարել մեր հեղինակներից մեկի տեսակետը Մոլդովայի ընտրությունների հետ կապված։

Նիկոլի չստիկի տակի այս մանրեն ընդդիմադիրներին մեղադրում է լակեյության մեջ, խորհուրդ է տալիս թոշակի գնան, իբր՝ իրենք արդեն հաղթած ունեն բոլորին․․․

Ախր որ օրն իշխանություն չեղաք, մարդիկ ձեզ մոռանալու են՝ ոնց որ մղձավանջային երազն են մոռանում։

Դուք մենակ մի բանում եք այս տարիներին հաջողել՝ թիրախավորել մարդկանց ու լրատվամիջոցներին, վայրահաչել ձեզանից խելացիների ու ձեզանից անկախների վրա ու մեկ էլ պետության հաշվին անզուսպ հարստանալ։

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ